National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
06.07.2017
Արմեն Աշոտյանը նամակով դիմել է Եվրանեսթ ԽՎ-ի բյուրոյի անդամներին, համանախագահներին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին

Հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար եւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, նամակով դիմել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամներին, համանախագահներին, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրադրության սրմանն ուղղված գործողությունների կապակցությամբ:

Նամակում մասնավորապես նշված է.

«Անցած շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար խախտել է 1994-1995 թթ. ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները: Հուլիսի 4-ին Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հարկադրված է եղել միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին դիմակայելու համար: Լեռնային Ղարաբաղի դիրքերը թիրախավորվել են տեղանքից, որտեղ գտնվում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ղեկավարությունն օգտագործում է սահմանամերձ բնակչությանը որպես կենդանի վահան՝ խոցելու Արցախի տարածքը: Այս փաստը միջազգային հանրությանը ներկայացվել է բազմաթիվ առիթների դեպքում:

Ներկայում Բաքուն փորձում է մանիպուլյացիայի ենթարկել քաղաքացիական կորուստների փաստը՝ նպատակ ունենալով միջազգային հանրության եւ մարդասիրական կազմակերպությունների ուշադրությունը շեղել միջազգային մարդասիրական իրավունքի այն կոպիտ խախտումներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անցած տարվա ագրեսիայի ընթացում եւ ուղեկցվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության հանդեպ վայրագություններով, երեխաների սպանություններով, տարեցների նկատմամբ բարբարոսական գործողություններով, «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատումներով:

Բաքվի ռեժիմի կողմից սադրանքներ նախաձեռնողները եւ իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում եւ Հայաստանի սահմաններին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական սադրանքներն ընդգծում են 2016 թ. մայիսի 16-ի Վիեննայի եւ 2016 թ. հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում շփման գծում իրավիճակի կայունացման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունների, 1994-1995թթ. եռակողմ հրադադարի պայմանագրերի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծման կարեւորությունը, ինչը հիմք կհանդիսանա նոր միջադեպերի կանխարգելման, ինչպես նաեւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հանձնառության վերահաստատման, հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկի համար, ինչին աջակցում են նաեւ ԵՄ-ն եւ Եվրոպական խորհրդարանը»:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am